Մատենա միջազգային դպրոցում մեկնարկել են առաջին դասերը

28 Փետրվար 2022
  • Կիսվել
Հայաստանում ձևավորվում է նոր կրթական մշակույթ. առաջատար ընկերությունների ղեկավարները, սեփականատերերը համախմբվել են ընդհանուր նպատակի շուրջ՝ մասնակցելու մասնագիտական զարգացման միջազգային ծրագրին։ Մատենայի և Սկոլկովոյի համատեղ կրթական ծրագրին մասնակցելու նպատակով ժամանել են նաև ղեկավարներ արտասահմանյան կազմակերպություններից։

Մասնակիցներին ողջունեցին Մատենայի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Ռուբեն Հայրապետյանը։
«Բացի համաշխարհային և տեղական լավագույն փորձը ստանալը, դուք  ունեք նաև մի շատ կարևոր հնարավորություն՝ միմյանց հետ ծանոթանալու և շփվելու: Վստահ եմ, որ միմյանցից դուք շատ բան կսովորեք, քանի որ յուրաքանչյուրդ ունի իր փորձը, և այդ փորձով փոխանակվելը ղեկավարների կրթական ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից է»,- նշեց Ռուբեն Վարդանյանը։

Ռուբեն Հայրապետյանն ընդգծեց. «Հենց առաջին խմբից սկսած այսպիսի բարձր մակարդակով ներկայացվածությունը շատ կարևոր է Մատենայի համար, որովհետև մասնակիցներից յուրաքանչյուրը փորձագիտական ահռելի ներուժի է տիրապետում, և ծրագիրն ավարտելուց հետո լավագույն շրջանավարտների փորձն ու գիտելիքը ներդրվելու են նոր կրթական ծրագրեր իրականացնելու և հատկապես երիտասարդներին սովորեցնելու կարևորագույն գործում` միջազգային առաջատար գործընկերների հետ համատեղ: Միայն այդպես է հնարավոր կյանքի կոչել գերազանցությունը տարածելու մեր կարգախոսը»:

Սկոլկովո կառավարման դպրոցի փորձագետների և Մատենայի գործընկեր ֆասիլիտատորի անցկացրած դասընթացներին ու սեսիաներին մասնակցում էին ֆինանսական, տեխնոլոգիական, արտադրական և այլ ոլորտների առաջատար ընկերությունների ղեկավարներ և հիմնադիրներ:

Դիլիջանի UWC դպրոցում անցկացված եռօրյա մոդուլի ընթացքում մասնակիցները հատուկ մեթոդներով անցակցվող խորքային քննարկումների միջոցով վերհանեցին այն խնդիրները, որոնց բախվում են աշխատանքային գործունեության ընթացքում, փոխանակվեցին փորձով և կատարեցին համատեղ առաջադրանքներ, որոնք կնպաստեն վերջիններիս կառավարչական և առաջնորդության հմտությունների զարգացմանը։ 

Ապրիլի 8-ին կմեկնարկի ծրագրի երկրորդ հատվածը, որը կանցկացնեն Մատենայի՝ դասավանդման համաշխարհային փորձ և մասնագիտական երկար ուղի անցած փորձագետները, իսկ մինչ այդ մասնակիցների հետ կաշխատեն բիզնես-քոուչերը, ինչպես նաև կանցկացվեն վարպետության դասեր բիզնեսի և առաջնորդության բնագավառում համաշխարհային առաջատար գործիչների կողմից։

  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը