Oracle համաշխարհային կորպորացիայի փոխնախագահի վարպետության դասը Մատենայում
15 Մարտ 2022
Կիսվել
«Leading Change» ծրագրի մասնակիցների համար վարպետության դաս անցկացրեց ամերիկյան համակարգչային տեխնոլոգիաների կորպորացիայի փոխնախագահ, տեխնոլոգիական բազմաթիվ ընկերությունների հիմնադիր Իգոր Խալաթյանը։
Ղեկավարման միջազգային բացառիկ փորձ ունեցող խոսնակը «Բիզնեսի զարգացում, ընդլայնում և թվայնացում» թեմայի շրջանակում մասնակիցների հետ կիսվեց գործնական խորհուրդներով և պատասխանեց ներկաների հարցերին: Ծավալվեց խորքային և ակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց ընկերություններում առկա խնդիրները և վերհանեցին դրանց լուծման տարբեր ուղիներ։
Առանձնացրել ենք մի քանի օգտակար խորհուրդներ և մտքեր, որոնք հնչել են հանդիպման ընթացքում`
Ես՝ որպես ղեկավար, պատմում եմ ընկերության գործունեության մասին՝ դեպի ուր է այն շարժվում, և թիմի անդամներից յուրաքանչյուրն ինչ ներդրում կարող է ունենալ աշխարհը փոխելու գործում: Նման զրույցներն աշխատակիցներին շատ են մոտիվացնում։
Ես բարձրացել եմ Էվերեստը։ Ընկերության կառավարման և լեռը բարձրանալու միջև շատ զուգահեռներ կան: Որքան բարձր եք հասնում, այնքան քիչ թթվածին ունեք: Դուք պետք է ընդմիջում անեք, հարմարվեք նոր պայմաններին, որպեսզի կարողանաք շարունակել։
Ես երբեք չեմ մոտենա ինչ-որ մեկին և ասի, որ նա սխալ է։ Ես կփորձեմ դա քննարկել, կփորձեմ համոզել։ Երբեք չեմ պարտադրի։ Միշտ հաղթում է նա, ով ունի լավագույն փաստարկը։
Միշտ չէ, որ հաղթում է փողը։ Պետք է լինի զգացողություն, որ այն, ինչ դու անում ես, իսկապես շատ կարևոր է: Ղեկավարներն այստեղ շատ անելիքներ ունեն։
Ես, բնակվելով Նյու Յորքում, ունեմ տեղեկատվության նույն աղբյուրը, ինչ` դուք։ Այսպիսով, մենք կարող ենք գեներացնել նույն գաղափարները և կյանքի կոչել դրանք՝ անկախ գտնվելու վայրից: Ամեն ինչ կախված է ձեր ստեղծագործական մտքից, երևակայությունից և գաղափարը լսարանին հասցնելու կարողությունից: