Ավարտվեց «Leading Change» ծրագրի երկրորդ մոդուլը: Ի՞նչ էր այն ներառում և ինչպե՞ս ընթացավ:

12 Ապրիլ 2022
  • Կիսվել
Մատենայի փորձագետների  մոդուլը ծրագրի ամենասպասված և հետաքրքիր հատվածներից էր։
 
Օր 1 

Ապրիլի 8-ին «Leading Change» ծրագրի մասնակիցները կրկին Մատենայի հարթակում էին. սպասվում էին Լարա Չոլաքյանի, Րաֆֆի Բաղջյանի, Արիկ Հախվերդյանի, Ռաուլ Տենչուրինի և Ալ Եսայանի փորձագիտական դասընթացները, ինչպես նաև ֆասիլիտատոր Եկատերինա Կարմակի «մաստերմայնդ» սեսիան։ 

Մասնակիցներին ողջունեցին Մատենայի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Ռուբեն Հայրապետյանը: 
«Վստահ եմ, որ հենց ձեզնից՝ առաջնորդներից է կախված, թե ինչպիսին կլինի աշխարհը վաղը։ Նման ծանր ժամանակաշրջանում ոչ միայն մեր երկրի, այլև ամբողջ աշխարհի համար շատ կարևոր է չմոռանալ մասնագիտական կարողությունների զարգացման մասին: Հաշվի առնելով բարձրակարգ կրթական ծրագրերի կարևորությունն ու պահանջը՝ մենք գործարկեցինք այս նախագիծը և վստահ ենք, որ մեր ապագա շրջանավարտները նույնպես կօգնեն մեր նպատակների իրականացման գործում», - ընդգծեց Ռուբեն Վարդանյանը: 

«Ուրախ ենք Ձեզ կրկին տեսնել «Leading Change» միջազգային ծրագրի շրջանակում։ Հուսով ենք, որ Մատենայի փորձագետների մոդուլը ձեզ առավելագույն օգուտ կբերի և կզարգացնի առաջնորդության ձեր հմտությունները՝ դրանք հասցնելով բոլորովին նոր մակարդակի»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը: 
Հիմնադիրների ելույթին հաջորդեց Լարա Չոլաքյանի փորձագիտական դասընթացը։  
INSEAD-ի շրջանավարտ, Ամստերդամի ազատ համալսարանի  Ղեկավարների և խորհուրդների առաջնորդության զարգացման կենտրոնի համահիմնադիր և հետազոտող Լարա Չոլաքյանը ներկայացրեց փոխակերպումների դարաշրջանում առաջնորդության որակների բարելավման մեթոդները, ինչպես նաև անհատների, թիմերի և ընկերությունների վրա արդյունավետ ազդեցություն ունենալու համար լավագույն արժեքների ստեղծման մոտեցումները։ 

Դասընթացի երկրորդ մասում մասնակիցները բացահայտեցին մի շարք բարդ օրինաչափություններ, որոնք խոչընդոտում են իրենց՝ որպես առաջնորդի, կատարելագործման ճանապարհին:   

Ինտենսիվ օրվանից հետո (ինչպես փորձագիտական բոլոր օրերի ավարտին) մասնակիցների համար անցկացվեցին օգտակար գործնական կապերի ապահովման միջոցառումներ։ 
Օր 2 

Երկրորդ փորձագիտական օրը սկսեց Րաֆֆի Բաղջյանը՝ հիմնադրամների խորհրդատու, Shell ընկերությունում երկար տարիների փորձ ունեցող ղեկավար:  
«Do not fly blind». այսպես է կոչվում թեման, որի շրջանակում Րաֆֆի Բաղջյանը, սեփական փորձով կուտակած պատմությունների հիման վրա, անցկացրեց մշակութային կողմնորոշման, գործարքների կնքման, առաջնորդության ոճերի, վստահության ամրապնդման, հաղորդակցման, ինչպես նաևհետադարձ կապի/գնահատման ոճերի, որոշումների կայացման վերաբերյալ կիրառական դասընթացը: 
Հագեցած օրը շարունակեց Արիկ Հախվերդյանը՝ Vcv Inc.-ի հիմնադիր տնօրենը:  
Փորձագետը ծրագրի մասնակիցներին ներկայացրեց մեթոդներ և հատուկ հնարքներ՝ փոփոխությունների նախագծի թիմի ուժեղացման համար։   

Իրավիճակային վերլուծությունների («Case Study») վրա հիմնված ծրագիրն օգնեց մասնակիցներին ավելի լավ բաշխել իրենց ժամանակային ռեսուրսները և ճիշտ շեշտադրումներ անել կոնկրետ իրավիճակներում: 

Այնուհետև հրավիրված փորձագետ, IBM-ի խորհրդատու Ռաուլ Տենչուրինը ներկայացրեց հաջողված ընկերությունների իրական քեյսեր, ինչպիսիք են X5-ը և Yandex-ը։ Ուսուցման օրվա ավարտին տեղի ունեցավ մաստերմայնդի սեսիան, որի ընթացքում մասնակիցներն իրենց առջև դրեցին նպատակներ, որոնց պետք է հասնեն համատեղ ջանքերով:
Օր 3
Առաջին մասում որպես փորձագետ հանդես եկավ IntelinAir ընկերության համահիմնադիր Ալ Եսայանը։    

Դասընթացի հիմնական բաղադրիչներն էին՝  
▪ Առաջնորդությունը՝ որպես թիմային մարզաձև,  
▪ ️Հաջողության պլանավորումը սեփական ճանապարհով,  
▪ ️Նպատակը և դրան ծառայելը՝ որպես հաջողության հիմք: 
Ալ Եսայանը կիսվեց իր աննախադեպ փորձով, խորհուրդներով և գործնական մոտեցումներով, որոնք անհրաժեշտ են ժամանակակից առաջնորդին։   

Մոդուլն ավարտեց Րաֆֆի Բաղջյանը՝ «Do not fly blind» թեմայի շարունակությամբ:  

Ծրագրի մասնակիցներն արդեն պատրաստվում են հաջորդ մոդուլին, իսկ մինչ այդ բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն միանալու ծրագրի երկրորդ խմբին՝ անցնելով հետևյալ հղումով:
Նկարներ
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը