«Ռազմավարություն+Առաջնորդություն = Արդյունք». կայացավ Ռուբեն Հայրապետյանի բաց դասախոսություն

22 Հոկտեմբեր 2022
  • Կիսվել
Առաջնորդությունն առանց ճիշտ ռազմավարության անօգուտ է, իսկ ռազմավարությունն առանց ճիշտ առաջնորդության՝ անիրականանալի. «Մատենայի» համահիմնադիր Ռուբեն Հայրապետյանի բաց դասը:

«Մատենայի» գործընկեր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Ռուբեն Հայրապետյանի՝ «Ռազմավարություն+Առաջնորդություն = Արդյունք» թեմայով դասախոսությունը, որը համախմբել  էր տարբեր ոլորտներից կազմակերպությունների ղեկավարների, մասնագետների, ինչպես նաև համապատասխան մասնագիտությունների ուսանողների:
Ըստ բանախոսի՝ առաջնորդությունն առանց ճիշտ ռազմավարության անօգուտ է, իսկ ռազմավարությունն առանց ճիշտ առաջնորդության՝ անիրականանալի: 

«Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման դարաշրջանում մարդկային գործունեության տարբեր բնագավառներ մարդուց մեծ տեմպով փոխանցվում են տեխնոլոգիաներին, և դրա հետևանքով գործունեության շատ տեսակներ աստիճանաբար իմաստազրկվում են»,- ընդգծեց Ռուբեն Հայրապետյանը:

Սակայն, նրա խոսքով, առաջնորդությունը՝ որպես մարդու գործունեության առանձին բնագավառ, այնքան բազմասպեկտ և խճճված երևույթ է, որ նույնիսկ տեխնոլոգիական թռիչքը տեսանելի ապագայում հնարավորություն չի տալու մարդուց «խլել» այդ գործառույթը: Հետևաբար՝ ապագայում կազմակերպությունների զարգացման գործում ավելի է ընդգծվելու մարդու առաջնորդության դերը, և արդյունքի հասնելու համար մարդիկ պետք է պատրաստ լինեն առաջնորդության կարողությունները զարգացնելու ու մշտապես կատարելագործելու: 

«Ժամանակակից աշխարհում հաճախակիանում են ճգնաժամերը, որոնց պատճառով կայացած ինստիտուտները, համակարգերը ձախողվում են, և դրա հետևանքով առաջնահերթ է դառնում անհատների ու նրանց առաջնորդության գործոնը»,- նշեց «Մատենայի» տնօրենը: 
Ռուբեն Հայրապետյանը իր փորձի հիման վրա ներկայացրեց նաև արդյունավետ առաջնորդության համար անհրաժեշտ հմտությունները և որակները, որոնք անհրաժեշտ է զարգացնել այդ գործում հաջողության հասնելու համար: Դրանց թվում նա նշեց հաստատակամությունը բարդ իրավիճակներում, փոփոխությունների նկատմամբ բաց լինելը, ռազմավարական մտածողությունը, ինքնաճանաչումը, արդյունավետ հաղորդակցությունը, ինչպես նաև մի շարք այլ հմտություններ, որոնք, ըստ բանախոսի, հնարավոր է զարգացնել կյանքի բոլոր փուլերում՝ վաղ մանկությունից, մինչև ծերություն: Հանդիպման մասնակիցներն ստացան նաև օգտակար խորհուրդներ և երաշխավորություններ արդյունավետ ռազմավարություն մշակելու ուղղությամբ:

Դասախոսությունն անցավ ինտերակտիվ ոճով, որի ընթացքում ներկաները հնարավորություն ստացան ուղղելու իրենց կազմակերպություններին առնչվող հարցերը, որոնց մեծ մասը վերաբերում էր արդյունավետ ռազմավարություն կազմելու և դրա իրականացումն առաջնորդելու հաջողված մեթոդներին:
Կարևորագույն թեմաներով բաց դասախոսությունները «Մատենայում» շարունակական են, և պարբերաբար կլինեն նոր հանդիպումներ:
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը