Առաջնորդության ապամիֆականացում. «Ինչպե՞ս կատարելագործել Ձեր առաջնորդությունը. համադրելով անձնային և գործնական աճը» քննարկման ամփոփում
12 Դեկտեմբեր 2024
Դեկտեմբերի 9-ին հավաքվել էինք մեր մշակութային գործընկեր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ առաջնորդության վերաբերյալ տրանսֆորմացիոն քննարկման համար, որը վարում էին ոլորտի առաջատար դասախոսները «Մատենայից»։ Երեկոն լի էր արժեքավոր դասերով և գործնական խորհուրդներով՝ պանելային քննարկման բացառիկ փորձագետների և տարբեր բնագավառներ ներկայացնող առաջնորդներից կազմված լսարանի ակտիվ մասնակցության շնորհիվ:
«Մատենայի» համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց «Առաջնորդության ՍՊԱ» նորարարական հայեցակարգը՝ կիրառական գործիք, որն օգնում է առաջնորդներին բացահայտել, ըստ առաջնահերթության դասակարգել և զարգացնել իրենց համար կարևորագույն որակներն ու հմտությունները՝ միաժամանակ հասկանալով դրանց փոխկապակցվածությունը, պատճառահետևանքային կապերն ու աստիճանակարգը։
Առաջնորդության հեղինակավոր մասնագետ և հետազոտող, «Մատենայի» դասախոս Լարա Չոլաքյանը ընդգծեց ինքնաճանաչողության՝ որպես առաջնորդության «սյուներից» մեկի կարևոր դերը՝ ներկայացնելով այն զարգացնելու և դրա շնորհիվ արդյունքներ գրանցելու գործնական ռազմավարություններ, ինչպիսիք են կանոնավոր ինքնավերլուծությունը, ճիշտ հետադարձ կապի ստացումը և մտքի կառավարման տեխնիկաների կիրառումը։
«Մատենայի» անվանի դասախոս «IBM»-ի՝ կորպորատիվ ռազմավարության գծով նախկին ավագ փոխնախագահ Քենեթ Քևերյանն անդրադարձավ առաջնորդության գործում հստակ ռազմավարության կարևորությանը։ Քենեթը, հիմնվելով «IBM»-ում և «BCG»-ում իր հսկայական փորձի վրա, ներկայացրեց, թե ինչու է ամուր ռազմավարությունը հաջողված առաջնորդության համար ծառայում որպես «պլատֆորմ», և արժեքավոր խորհուրդներ տվեց ռազմավարական մտածելակերպի զարգացման ուղղությամբ:
Հարվարդի համալսարանում հիմնադրված «Negotiation Task Force»-ի տնօրեն Արվիդ Բելը բացահայտեց բանակցությունների արվեստը՝ որպես առաջնորդության մասնագիտացված հմտություն: Նա ներկայացրեց գործնական խորհուրդներ, թե ինչպես կարելի է բարելավել այս առանցքային կարողությունը՝ ավելի լավ արդյունքների հասնելու համար։ Արվիդը նշեց, որ, թեև բանակցությունը ներառում է հաղորդակցության և վերլուծական մտածողության տարրեր, այն առանձին հմտություն է, որը պահանջում է կենտրոնացված ուսուցում և գործնական կիրառում։ Այս կարողությունը զարգացնելու համար նա առաջարկեց օգտագործել հատուկ մշակված մեթոդներ և ինտերակտիվ սիմուլյացիաներ։
Քննարկումը հագեցած էր արժեքավոր գաղափարներով, գործնական խորհուրդներով և մոտիվացնող մտքերով, որոնք ոգեշնչեցին բոլորին վերանայելու և բարելավելու իրենց առաջնորդության ուղին: