Նուբար Աֆեյանը՝ «Մատենայում»՝ անորոշության, հեռատես առաջնորդության և «պարանոյիկ լավատեսության» մասին

08 Հոկտեմբեր 2024
  • Կիսվել
Նուբար Աֆեյանի՝ «Մատենայում» անցկացրած 3-ժամյա աննախադեպ հանդիպման յուրահատկությունը միայն այն չէր, որ նա մեր ժամանակի ամենանշանավոր ձեռնարկատերերից մեկն է՝ լինելով «Moderna»-ի համահիմնադիր ու տնօրեն և «Flagship Pioneering»-ի հիմնադիր ու նախագահ, կամ այն, որ նա հինգ ամիս առաջ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում («MIT») հանդես եկավ ավարտական արարողության հիմնական ուղերձով՝ պատիվ, որը տրվում է աշխարհի հազվագյուտ մարդկանց:

Յուրահատկությունը դատողությունների տիեզերական լայնությունն էր, որը տարածվում էր իր արդեն հայտնի ձեռնարկատիրական հաջողությունների սահմաններից դուրս։ Առանձնապես արժեքավոր էր նրա կարողությունը՝ համատեղելու գիտական ճշգրտությունը և փիլիսոփայական խորությունը՝ խոսելով ամենատարբեր թեմաների մասին՝ սկսած բջջի մանրակազմ կառուցվածքից մինչև կյանքի իմաստի գոյաբանական հարցեր:

Նրա հետ հանդիպման բնութագրիչ կողմերից մեկն էլ նուրբ հավասարակշռությունն էր էզոթերիկ և էկզոթերիկ մտածողությունների միջև: Նա բացատրեց գիտական մի շարք բարդ հասկացություններ, ինչպիսիք են տվյալների կարևորությունը, բայց նաև խոսեց նորարարության անտեսանելի կողմերի՝ հավատքի և ինտուիցիայի մասին: Աֆեյանի խոսքով՝ հավատքը դառնում է առանցքային անորոշության պայմաններում, երբ տվյալները հասանելի կամ հուսալի չեն:

Հանդիպման կարևոր կետերից մեկը «պարանոյիկ լավատեսության» քննարկումն էր՝ մի գաղափար, որը հաջողակ ձեռնարկատերերի բնույթից անմասն չի կարող մնալ: Աֆեյանը նշեց, որ ձեռնարկատերերը պետք է լինեն «պարանոյիկ»՝ մշտապես կասկածելու և պատրաստվելու անհայտին, բայց միաժամանակ նաև լավատես՝ անորոշությունից արժեք ստեղծելու իրենց կարողության առումով:

Ի վերջո, նրա ելույթի հիմնական ուղերձն այն էր, որ անորոշության մեջ մեծ հնարավորություններ են թաքնված: Աֆեյանի կարծիքով ընկերությունների և նույնիսկ պետությունների համար մրցակցային առավելություններ ստեղծելու ամենամեծ հնարավորությունները ծագում են, երբ մարդիկ ընդունում և համակարգված աշխատում են անորոշության հետ՝ հատկապես այն ոլորտներում, որոնք ուրիշները դեռ չեն հասցրել բացահայտել:

Նրա ելույթը խոր ազդեցություն թողեց «Մատենայի» շրջանավարտների վրա՝ նրանց ոգեշնչելով համատեղել ինչպես տվյալները, այնպես էլ հավատքը, վախը և լավատեսությունը՝ վերափոխելով մարտահրավերները նորարարության և առաջնորդության հնարավորությունների:
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը