Համաշխարհային կարգի բիզնես կրթությունը Հայաստանում. աննախադեպ հանդիպում Բեռլինում

25 Հունիս 2024
  • Կիսվել
Տասնյակ գործարարներ և խոշոր ընկերությունների ղեկավարներ Հայաստանից հունիսի 19-ին այցելել էին Գերմանիա՝ քննարկելու Եվրոպայի լավագույն բիզնես դպրոցներից մեկի՝ «ESMT Berlin»-ի և հայաստանյան «Մատենա» միջազգային դպրոցի համատեղ կրթական ծրագրերը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող կրկնակի դիպլոմով և 1.5 տարի տևողությամբ EMBA ծրագիրը, որը հատուկ մշակված է ղեկավարների համար և անցկացվելու է Հայաստանում, Գերմանիայում, Կիպրոսում և Դուբայում:

Խոշոր ընկերությունների հիմնադիրներից, բանկերի տնօրեններից բացի, հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ նախարարը՝ իր գլխավորած պատվիրակությամբ, և Գերմանիայում Հայաստանի դեսպանը:

«ESMT Berlin»-ի նախագահ Յորգ Ռոխոլը, ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ, հիմնադրված լինելով այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են «Mercedes-Benz»-ը, «Deutsche Bank»-ը, «Siemens»-ը, «Mckinsey»-ն և այլն, իրենք շատ բծախնդիր են գործընկերներ ընտրելու հարցում, և «Մատենայի» հետ գործընկերության հիմքում ընկած է վստահությունն ու բիզնես կրթության համաշխարհային բարձր որակը, որն ապացուցվել է համատեղ կարճաժամկետ ծրագրերի փորձով:

«Մատենայի» համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանն իր հերթին նշեց, որ Եվրոպայի լավագույն բիզնես դպրոցներից մեկի և «Մատենայի» համատեղ ծրագիրը կարող է դառնալ լավագույնը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում՝ ներգրավելով միջազգային մասնակիցների:

«Krisp»-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը և «Adobe Armenia»-ի տնօրեն Լիաննա Հայրապետյանը կիսեցին այն կարծիքը, որ նման ծրագրի առկայության դեպքում իրենք այլևս ստիպված չեն լինի միայն արտասահմանից փնտրել համաշխարհային մակարդակի ղեկավարների ու կառավարիչների իրենց ընկերությունների համար: Բիզնես առաջնորդները մեկնաբանեցին, թե որքան կարևոր է Հայաստանում այդպիսի որակի բիզնես կրթություն ունենալը:

Նախատեսվում է, որ «ESMT Berlin»-ի և «Մատենայի» համատեղ EMBA ծրագիրը կմեկնարկի մեկ տարվա ընթացքում:
  • Կիսվել

Այլ նորություններ Բոլորը